Հայաստանը միշտ կարեւորել է կրոնական հարթությունում միջմշակութային երկխոսությունը. ուրիշների ազգային ինքնությունը, ժառանգությունը, ազգային, մշակութային եւ կրոնական ավանդույթների նկատմամբ հարգանքը հասարակությունների խաղաղ համակեցության եւ ներդաշնակ զարգացման հիմնական պայմաններից են: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում «Կրոնի ազատությունը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» թեմայով Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների 6-րդ հանդիպման բացմանը:

Նալբանդյանի խոսքով՝ այնպիսի երեւույթները, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը, խտրականություն, ատելության քարոզչությունը, ոտնահարում են մարդու արժանապատվությունը եւ հասարակությունում լարվածության պատճառ են հանդիսանում: Նախարարն ընդգծել է, որ մարդկության պատմությունը բազմիցս ապացուցել է, որ նման երեւույթների դեմ ոչ ջանադրաբար պայքարելը կարող է խախտել հասարակության ներդաշնակությունը, հանրային միասնականությունը եւ սպառնալ մարդու իրավունքներին:

Նա նաեւ հաղորդել, է որ երեւանյան հանդիպման շրջանակներում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրոնի ազատությունը, մարդու հիմնարար իրավունքները, կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, ատելության եւ այլատյացության դեմ պայքարը, երիտասարդության կրթությունն ու այլ հարցեր:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հաջորդ նախագահող երկրները կշարունակեն աջակցել եվրոպական տարածքում կրոնական կազմակերպությունների կարեւոր երկխոսությանը:

Նշենք, որ սեպտեմբերի 2-3 Երեւանում, ԵԽ-ի նախագահների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, անցկացվում է Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների հանդիպում՝ «Կրոնի ազատությունը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» թեմայով: Միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների հոգեւորականության, Հայ առաքելական եկեղեցու, միջազգային եւ հայկական կրոնական եւ ոչ կրոնական ՀԿ-ների, ինստիտուտների ներկայացուցիչներ եւ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը: