Երեւանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին ոչ սթափ վիճակում բերման է ենթարկվել ոստիկանություն: NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդը Շողիկ Քարամյանն էր, ուղեւորը` Դավիթ Նավասարդյանը, նրանք երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում:
Նրանց բերման ենթարկելու պատճառն այն էր, որ Դավիթ Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող անձանց նկատմամբ` թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, բնակիչները ահազանգել են ոստիկանություն եւ ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել նրանց:
Նշենք, որ ավելի վաղ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում հերքել էր շրջանառվող տեղեկությունները, թե քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդներին «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք» կարգախոսով քաշքշողները իր որդիներն են եղել: Հենրիկ Նավասարդյանը շեշտել էր, որ «նման բան չի եղել եւ չի կարող լինել». «Իմ տղաները ամեն մեկը իր զբաղմունքը, նախասիրությունը ունի, իմ տղաները փողոցում թափառողներ չեն, պարապ չեն, որ ինչ-որ բաներով զբաղվեն, իմ տղաները նման մարդիկ չեն, եթե իրենք ունեն փաստեր, որ իմ տղաներն են իրենց ծեծել, թող տան իրավապահ մարմիններին, ինչի՞ են ուզոմ հերյուրանքներ տարածում, իրենք շատ խելացի են եւ գիտակցում են, որ այսօր չի կարելի գնալ եւ այդպիսի բան անել հայրիկի համար»,- ասել էր նա:




























