Սփյուռքը յուրօրինակ կամուրջ է Հայաստանի եւ աշխարհի միջեւ. հայ ժողովրդի 2/3 ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում «Կրոնի ազատությունը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» թեմայով Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների 6-րդ հանդիպման բացման ժամանակ:
Նալբանդյանի խոսքով՝ հայերը կրկնակի ինքնության կրող են՝ մի կողմից նրանք լիովին ինտեգրվել են իրենց հյուրընկալած երկրների հասարակությանը, սակայն մյուս կողմից էլ խորապես կապված են իրենց ազգային ինքնության հետ. «Այս տեսանկյունից նրանք Հայաստանի եւ մնացած աշխարհի միջեւ յուրահատուկ կամուրջ են հանդիսանում: Երկխոսության մշակույթն ու այլ մշակույթների եւ կրոնների հանդեպ հարգանքը միշտ էլ բնորոշ են եղել հայ ժողովրդին: Մշակույթների եւ կրոնների խաչմերուկում լինելով՝ Հայաստանը դարերի ընթացքում զարգացրել է իր հարաբերությունները տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը այդ հաղորդակցման ընթացքում հարստացել է եւ իր ներդրումն է ունեցել այլ մշակույթները զարգացնելու կարեւորագույն հարցում»:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ մարդիկ բավականին շատ պատեր են կառուցում եւ բավականին քիչ կամուրջներ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կամուրջներ կառուցել տարբեր ժողովուրդների, երկրների եւ կրոնների միջեւ. «Միայն այդ դեպքում մեր հասարակությունները կապրեն ներդաշնակ միջավայրում, կամրապնդվի նաեւ եվրոպական բազմազանությունը»:





























