Անցած 5 տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները համահունչ են եղել Հայաստանի դիրքորոշմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հաստատված ավանդույթի համաձայն նա առաջին դասախոսությունն է կարդացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա են եղել նաեւ մայր ԲՈւՀ-ի եւ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Անդրադառնալով ԵՊՀ-ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրել է անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ ս.թ. հունիսին Էնիսկիլենում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես եւ այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել եւ կարեւորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների եւ դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Հայաստանի կողմից նախաձեռնված միջոցառումները, կազմակերպության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերը:
Արտգործնախարարը անդրադարձել է նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:
Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր սիրիական ճգնաժամը եւ Հայաստանի մոտեցումը հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով եւ ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է եւ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարեւան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ այս տարվա առաջին կեսին կայացել են այցելություններ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ եւ հանդիպումներ այդ պետությունների արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:





























