Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում հարգել է գիտելիքն ու կրթությունը, եղել է դրա կրողը, կիրառողն ու տարածողը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցում հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ողջունելով աշակերտներին, նրանց ծնողներին եւ ուսուցիչներին նախարարը նշել է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկը միշտ էլ դրական հուզումներ, խինդ, բարի սպասումներ ու նոր լիցք է հաղորդում։ Կարեւոր է, որ գիտելիքի հանդեպ ձգտումն ու աշխատասիրությունը չմարի ողջ տարվա ընթացքում։
«Դուք սովորում եւ աշխատելու եք երրորդ հազարամյակում, երբ ողջ աշխարհում առավել, քան երբեւէ կարեւորվում են բարձրակարգ գիտելիքներն ու որակյալ մասնագետները։
Այսօր ցանկացած երկրում ձգտում են առաջին հերթին բարձրակարգ մասնագետներ պատրաստել։ Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները եւս հնարավորություն են տալիս ժամանակի պահանջներին համահունչ կրթություն մատուցել։ Այնպես որ դուք` դառնալով վաղվա լավագույն մասնագետները, այն երջանիկներն եք լինելու, ում բախտ է վիճակված մեր հնամյա, բայց նորանկախ հայրենիքն ավելի զարգացնելու եւ բոլորիս երազած երկիրը դարձնելու»,-դիմելով դպրոցականներին, ասել է պրոֆեսոր Դումանյանը։
Նա ուսուցիչներին եւս մաղթել է բեղուն ուսումնական տարի եւ նոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում։





























