Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 ավագ դպրոցի հանդիսավոր բացմանը, որը նոր ուսումնական տարին կրթօջախը դիմավորում է ամբողջովին հիմնանորոգված: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երեւանցիներ: Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաեւ բարերարներ Կառլեն եւ Սառա Եսայանների աջակցությամբ դպրոցի բակում տեղադրված երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրու բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կիսանդրու հեղինակ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանին:
«Ինձ համար կրկնակի տոն է, նախ, որ Երեւանում եւս մեկ դպրոց վերանորոգվեց ու վերականգնվեց եւ հանձնվեց մեր աշակերտներին ու մանկավարժական կոլեկտիվին, եւ իհարկե նաեւ որպես Անդրանիկ Մարգարյանի որդի, որ իմ հոր անունը կրող դպրոցը վերանորոգված ընդունում է այն աշակերտներին, որոնք մեր վաղվա օրն են, ապագան ու հզորացնելու են մեր պետությունը, մեր երկիրը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շուրջ 450 աշակերտների համար նախատեսված դպրոցն այսօր ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Հիմնանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ թարմացվել է նաեւ աշակերտական եւ ուսուցչական գույքը, անհրաժեշտ պարագաներով են համալրվել համակարգչային դասարանն ու առարկայական լաբորատորիաները: Կրթօջախի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է դպրոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին ու զրուցել աշակերտների հետ:
Օրվա խորհրդի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքներում, իրեն եւս դպրոց առաջին անգամ ուղեկցել են ծնողները:





























