«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդն ընդունել է բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին նշված է բանկի հաղորդագրության մեջ:
«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի եւ ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի Միության դերը եւ նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար եւ, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի Միության նախագահ»,- նշել է Սամվել Ճզմաչյանը:
«Անելիք Բանկի» Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը:
Նշենք, որ 1 շաբաթ առաջ բանկը նաեւ հաղորդագրություն էր տարածել, որ լիբանանյան CreditBank S.A.L-ը դարձել է «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%- ի սեփականատերը (մինչ այդ լիբանանյան բանկին պատկանում էր «Անելիք բանկի» բաժնետոմսերի 89,95 %-ը): Հատկանշական է, որ CreditBank S.A.L-ը բաժնետոմսերը գնել էր հենց Ս. Ճզմաչյանից:





























