«Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանը, որին անհիմն կերպով կասկածում են օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին  դեռեւս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում: Այս մասին հայտնում են «Նախախորհրդարանից»:

«Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով:

Ըստ մեր տվյալների, քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում: Իսկ գործադիրից կախված մեր դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին:

Դ.Հարությունյանին աջակցելու նպատակով խնդրում ենք հավաքվել Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ: Հասցեն`Հրաչյա Ներսիսյան 10:

Գործի հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք հասարակությանը»,-ասված է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ: