ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Շիրակի մարզային վարչության պետի նախկին տեղակալ Հարություն Ավետիսյանը, ով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ազատվել էր պաշտոնից, աշխատանքի է անցել Մաքսային վարչության ներքին անվտանգության բաժնի պետի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով, հնարավոր է, որ առաջիկայում այդտեղից էլ տեղափոխվի, քանի որ եղբայրը Գյումրիում է բնակվում եւ ամեն օր աշխատանքի գնալու համար Երեւան է հասնում: «Ակնկալում ենք, որ հետագայում կտեղափոխվի, որովհետեւ գնալ-գալու խնդիր կա: Նման աշխատանքը արդյունավետ չի լինի»,- ավելացրեց Սուքիաս Ավետիսյանը: Ավելի վաղ Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանապետի կողմից իր եղբորը Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու եւ կադրերի ռեզերվ ուղարկելու որոշմանը, ասել էր, թե բնական է, որ կադրերի ռեզերվ ուղարկելը ոչ ոքի չի գոհացնում: «Նա սպասում է առաջարկի: Կլինի առաջարկ, լավ, չի լինի առաջարկ, խնդիր չկա:
Այս ընթացքում նոր աշխատանքի առաջարկ չի ստացել: Բայց եթե առաջիկայում աշխատանք չստանա, կընդունվի մեկ այլ տեղ աշխատանքի: Այս պահին սպասում ենք կոնկրետ առաջարկի»,- արձագանքել էր Սուքիաս Ավետիսյանը: Ասել էր նաեւ, թե չի պատրաստվում միջնորդել, որ ոստիկանության համակարգում 23 տարվա աշխատանքային փորձ ունեցած եւ օրերս ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատված եղբորը նոր աշխատանքի ընդունեն: Հարություն Ավետիսյանն էլ , թեեւ, տեղափոխվել էր կադրերի ռեզերվ, սակայն դիմում էր գրել եւ դուրս եկել ոստիկանկան համակարգից:
Ինչպես հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով Aravot.am կայքը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եւ Գյումրու ոստիկանությունում: Քաղաքի տարբեր թաղերում` Անի, Մուշ եւ այլն, տեղակայված ոստիկանական բաժանմունքներն օպտիմալացվել են, ինչի արդյունքում վերացել է 18 հաստիք: Նաեւ կրճատվել էին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով երկու տեղակալները` Համլետ Կիրակոսյանը եւ Հարություն Ավետիսյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրն է:




























