Հայաստանի իշխանական համակարգը, ըստ էության, քաղաքացիական պայքարի դեմ նոր մարտակարգ է փորձարկում, որը անհրաժեշտության դեպքում, իհարկե, գործի կդրվի նաեւ քաղաքական պայքարում: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Խոսքը այն մասին է, որ հասարակական բողոքի ակցիաներին իշխանությունները այլեւս փորձում են սահմանափակել սափրագլուխ թիկնապահների եւ իրավապահների մասնակցությունը՝ ավելի ու ավելի մեծ տեղ տալով, այսպես ասած, «հասարակական» կոնտինգենտին:

Փակ շուկայում այս օրերին մենք ականատես ենք այդ մարտակարգին, երբ Լֆիկ Սամոն գործի է դրել վարձու միտինգավորների մեխանիզմը եւ կազմակերպում է «քաղաքացիական ցույցեր՝ ընդդեմ քաղաքացիների»: Նա այդ մարտակարգը փորձարկում էր դեռեւս 2012 թվականին՝ Մալաթիա-Սեբաստիայի՝ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին, որտեղ մրցում էր Նիկոլ Փաշինյանի դեմ:

Այնուհետեւ իշխանությունները փորձարկում իրականացրին նախագահական ընտրություններից հետո դասադուլների կոչերով պայքարի դեմ՝ ուսանողների դեմ հանելով այլ ուսանողների:

Այսօր ավելի մասշտաբային ակցիա է տեղի ունենում, այսինքն՝ իշխանությունները ավելի մասշտաբային հակադրության մեջ են ներքաշում հասարակությանը: Ասում ենք՝ հասարակությանը, որովհետեւ, վերջիվերջո, ինչքան էլ Լֆիկի միտինգավորները այդ ամենն անում են նրա գումարների կամ աշխատատեղերի խայծի համար, միեւնույն է՝ նրանք էլ են հասարակություն, որ սոցիալական ներկայիս իրավիճակի եւ արժեքային դեգրադացիայի պայմաններում հասել է նվաստացման մի աստիճանի, երբ պատրաստ է վաճառել իր իրավունքներն ու արժանապատվությունը, ազատությունն ու, ըստ էության, ապագան՝ եւ՛ իր, եւ՛ իր զավակների…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):