Իսրայելի Թել Ավիվում գտնվող միջազգային Բեն-Գուրիոն օդանավակայանը սեպտեմբերի 3-ի առավոտյան ժամանակավորապես փակվել է` պաղեստինցիների հարձակման պատճառով:
«Իզրայելսկիե նովոստին» հայտնում է, որ Բեն-Գուրիոն օդանավակայանում արտակարգ դրություն էր հայտարարվել, երբ օդանավակայանի գլխավոր մուտքի անցակետով բեռնատար էր ներխուժել, որում երկու պաղեստինցի են եղել: Օդանավակայանում երթեւեկությունն անմիջապես դադարեցվել է, եւ տարածքում հավելյալ անցակետեր են տեղադրել:
Անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան` կրակելով նրա ուղղությամբ։ Բեռնատարում գտնվող երկու անձինք կալանավորվել են: Ոստիկանները բեռնատարը զննելիս պայթուցիկ չեն հայտնաբերել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
« Իսրայելի 9-րդ ալիքի» փոխանցմամբ՝ պարզվել է, որ բեռնատարը գողացել էին Բեյթ Դագան թաղամասում: Ահաբեկչության փորձի վարկածին զուգահեռ, դիտարկվում է նաեւ այն հնարավորությունը, որ արաբ կողոպտիչները շփոթել էին ուղղությունը եւ սխալմամբ հայտնվել օդանավակայանի տարածքում:
Ներկայումս օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է, սակայն որոշ չվերթներ հետաձգվել են, օդանավակայանի մուտքի մոտ խցանումներ են գոյացել:





























