Բնակարանների շուկայական գների վերաբերյալ պաշտոնական տվյալները շատերի մոտ զարմանք են առաջացնում: Բոլորին հայտնի է, որ ազատ ու մրցունակ շուկայի պայմաններում գները ձեւավորվում են պահանջարկի եւ առաջարկի միջեւ հարաբերակցության ազդեցությամբ: Եվ բնակարանների շուկայական արժեքը աճում է այն դեպքում, երբ ավելանում է վճարունակությունը:

Ընդ որում, վերջին տարիներին գնորդների թիվը կրճատվել է, իսկ վաճառողներինը նույն մակարդակում է: Գները, հետեւաբար, նվազում էին՝ այդ կերպ բարդացնելով իրացումը, նույնիսկ բարձրակարգ նորակառույց շենքրի թանկարժեք բնակարանների դեպքում:

Երեւանում ընթացող տարվա ամիսների հաշվարկով գների փոփոխությունը ունի հետեւյալ տեսքը: Սկզբում տարեկան հաշվարկով գները դրամի փոխարժեքով աճել են: Սակայն վերածելով ամերիկյան դոլարի, նկատվել է բնակարանների գների անկում:Իսկ այն, որ առքուվաճառքի գործարքը իրականանում է դոլարի փոխարժեքով, առանձնապես ապացույցի կարիք չունի…

Հաջորդող ամիսներին իրավիճակը որակապես փոխվեց. գները կրկին բարձրացան, եւ արդեն դոլարի փոխարժեքում, թեեւ առք ու վաճառքի գործարքները կրճատվեցին: Թե ինչպես կարելի բացատրեւել այս ֆենոմենը, պարզ չէ…

Հուլիսին արդեն, ըստ պաշտոնական տվյալների, ցնցող նորությունն ակնհայտ է: Հազարավոր ընտանիքների աղքատացման, արտագաղթի աճի ֆոնի վրա երկնիշ սղաճի պայմաններում բնակարանների առք ու վաճառքի գործարքները հուլիսին ավելացել են: Ընդ որում 1,3 անգամ: Աճել են նաեւ բնակարանի շուկայական գները՝ տարվաը ընթացքում մայրաքաղաքի բնակարանների միջին հաշվարկով ավելի քան 5,3 տոկոսով:

Անշարժ գույքի գնի նման աճը տարեկան հաշվարկով այդքան էլ մեծ չէ: Ուղղակի անհասկանալի է բնակարանի արժեքի նման թանկացումը: Օրինակ Անգլիայում փորձագետները բնակարանի արժեքի աճը պայմանավորում են պահանջարկի ավելացմամբ. գործոն, որն իսպառ մեզ մոտ բացակայում է:

Հայաստանում գտնվող սիրիահայ փախստականները բնակարաներ պոտենցիալ գնորդներ են: Սակայն միջնորդների տվյալներով տարվա 1-ին կիսամյակում նրանք բնակարան չեն գնել: Սկզբում սիրահայերը նախատեսում էին վերադառնալ Սիրիա, սակայն շարունակվող կոնֆլիկտը խոչընդոտում է նրանց արտագաղթին:

Գրեթե բոլոր սիրիահայ փախստակնները հրաժարվում են գյուղերում առաջարկվող բնակարաններից: Պատճառն այն է, որ իրենք գյուղատնտեսական աշխատանքի փորձ չունեն: Պետությունը մի շարք միջոցառումներ էր ձեռնարկում նրանց ինտեգրացման համար, որոնց արդյունավետությունը դեռ պարզ չէ: Այնպես որ սիրիահայերի կողմից բնակարանների զանգվածային ձեռքբերումը եւս հարցական է:

Բնակարանի «քառակուսի մետրի» միջին շուկայական արժեքը դոլարի փոխարժեքով ներկայացված է ստորեւ բերված էջում: Նշենք, որ ուսումնասիրվող շրջանում տարադրամի փոխարժեքի փոփոխության հետեւանքով, աճի արագությունը դոլարի փոխարժեքով(5,9 տոկոս) տարբերվում է դրամից(5,3 տոկոս):