Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառմանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:
Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը: Հեքիաթների եւ մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ եւ անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են նաեւ մանկական համույթների տաղանդաշատ երեխաները:
Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով, կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ շրջել է զբոսայգում, զրուցել երեխաների եւ նրանց ծնողների հետ, ծանոթացել մանուկների աշխատանքներին: Օգտվելով առիթից, քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհավորել է փոքրիկներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:
![]()





























