Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 2-ին ընթացել է Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վանք-Կալեր, Վարդանիձոր, Թղկուտ, Լեհվազ, Ալվանք գյուղական համայնքերում եւ Մեղրի քաղաքում:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ գյուղական համայնքների բնակիչները իրենց վրդովմունքն էին հայտնում տիրող աղետալի վիճակի վերաբերյալ, հատկապես նշում էին գյուղական տների փակ դռները եւ դպրոց հաճախող երեխաների չնչին թիվը:
ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Աննա Հակոբյանը ներկայացրեցին նախընտրական ծրագիրը եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները:
Այսօր «Ժառանգություն» թեկնածուի նախընտրական քարոզարշավը շարունակվելու է Ագարակ քաղաքում եւ հարակից գյուղերում:





























