Պարզվել է այսօր` սեպտեմբերի 3-ին, Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած վարորդի ինքնությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Աշտարակի բաժնից:

Վթարի հետեւանքով տեղում մահացողը Ղազախստանի քաղաքացի, 51-ամյա Նակիպբեկով Տուրսինբաեւն է: Նա Չինաստանից Հայաստան էր տեղափոխում հագուստ եւ կոշկեղեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Օհանավան-Ուշի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տ.  Բ.-ին պատկանող «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02  պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Ոստիկանության Աշտարակի բաժնից NEWS.am-ի  թղթակցին հայտնեցին, որ փրկարարները  ժամեր շարունակ աշխատելով կարողացել են մեքենայի միջից հանել վարորդի դին: