Սիրիայում տիրող իրավիճակից է կախված ողջ տարածաշրջանի կայունությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: Նա նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն իրականացնի իր սպառնալիքները Սիրիայի դեմ, իրավիճակի վերահսկողությունը կկորցնեն բոլորը, որի արդյունքում կլինի քաոս, պատերազմներ եւ ծայրահեղականություն:

Հարցը վերաբերում է ոչ միայն Սիրիային, քանի որ տարածաշրջանի բոլոր երկրները փոխկապակցված են ռազմական, քաղաքական եւ սոցիալական ոլորտներում: Հարցազրույցը ներկայացրել է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Դիտարկմանը, որ Սիրիայի կառավարությանը մեղադրում են օգոստոսի 21-ին քիմիական հարձակում իրականացնելու մեջ եւ Ասադը կարո՞ղ է արդյոք ապացույցներ բերել, որ բանակն այդպիսի բան չի րել, նախագահը հայտարարել է, որ ապացույցներ պետք է բերի նա, ով մեղադրանքներ է ներկայացնում:

«Բայց նրանք չեն կարողացել եւ չեն կարողանա որեւէ ապացույց ներկայացնել իրենց ժողովուրդներին: Մյուս կողմից, այդ մեղադրանքը բացարձակապես անտրամաբանական է: Մենք պատերազմում ենք արդեն ավելի քան երկու տարի, եւ իրավիճակը մարտադաշտում ավելի լավ է, քան նախորդ տարի: Բանակը հաջողություններ է արձանագրում ավանդական զենքերի օգնությամբ: Ինչո՞ւ դիմել այլ զենքերի: Ինչ եղանակով կարելի է զանգվածային ոչնչացման զենք կիրառել սեփական քաղաքացիների ու բանակի դեմ: Բոլոր այդ մեղադրանքները հիմնվում են ահաբեկիչների հավակնությունների վրա, իսկ նրանց կողմից համացանցում տեղադրված տեսանյութը կեղծ է»,-ասել է Ասադը:
Անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի ամերիկյան հետախուզությունն իբր գաղտնալսել է սիրիական սպաներից մեկի հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հրամայում է քիմիական զենք կիրառել, Ասադը հայտարարել է. «Կրկնում եմ, եթե ամերիկացիները, ֆրանսիացիները եւ անգլիացիները գոնե մեկ ապացույց ունենային, նրանք դա կներկայացնեին հենց առաջին օրից: Մենք չենք քննարկում որեւէ մեկի հայտարարություններն ու հավակնությունները, մենք քննարկում ենք միայն իրական ապացույցները: Եթե նրանք ճիշտ են ասում, թող ներկայացնեն ապացույցները»:

Մեկնաբանելով Սիրիային ուղղված ռազմական հարվածները հետաձգելու մասին Օբամայի որոշումը, Սիրիայի նախագահը նկատել է. «Ուժեղը նա է, ով թույլ չի տալիս պատերազմ, ոչ թե նա, ով հրահրում է այն: Ուժեղը նա է, ով խոստովանում է իր սխալը: Եթե Օբաման ուժեղ լիներ, նա կասեր. «Մենք ապացույցներ չունենք, որ Սիրիան քիմիական զենք է կիրառել»: Օբաման պետք է ասեր, որ տեղի ունեցածը պարզելու միակ ուղին ՄԱ-ի հանձնաժողովի հետաքննություն է եւ այդ հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ուստի ես կարծում եմ, որ Օբաման թույլ է, քանի որ ներքին ճնշման է ենթարկվել»,-ընդգծել է Ասադը:

«Նա, ով այդպիսի որոշում կկայացնի, պարտավոր է հարց տա իրեն՝ ի՞նչ են տվել պատերազմները ԱՄՆ-ին եւ Եվրոպային: Ի՞նչ է ստացել աշխարհը Լիբիայի դեմ պատերազմելու արդյունքում, որտեղ այսօր ահաբեկչությունն է գերիշխում: Ի՞նչ տվեց պատերազմը Իրաքի դեմ: Ի՞նչ կտա ահաբեկչությունը Սիրիայում Եթե Կոնգրեսի անդամները տրամաբանորեն գործեն եւ հաշվի առնեն իրենց երկրի շահերը, նրանք պատերազմի չեն գնա»,-հավելել է նա:

Հարցին, թե ինչպես կպատասխանի ՍԻրիան ռազմական հարվածի դեպքում, Ասադը պատասխանել է, որ խոսքը վառոդի տակառի մասին է: «Եթե հրդեհը մոտենա, տակառը կպայթի: Հարցը միայն Սիրիայի պատասխանը չէ: գլխավոր խնդիրն այն է, թե ինչ կլինի առաջին հարվածից հետո: Երբ այդ վառոդի տակառը պայթի, վերահսկողությունը կվերանա բվոլոր կողմերից, բայց ես վստահ եմ, որ պայթյունը կհանգեցնի քաոսի, պատերազմների, ծայրահեղականության եւ դրա հետեւանքները կլինեն ամենուրեք»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր խնդիրը վերաբերում է ոչ միայն Սիրիային:

«Այն վերաբերում է ողջ տարածաշրջանին, երկրներին, որոնք կապված են ռազմական, քաղաքական ու սոցիալական ոլորտներում: Այդ առումով տրամաբանական է, որ ոչ միայն Սիրիայի, այլեւ մեր բոլորի առջեւ կանգնած են տարածաշրջանային մարտահրավերներ»,-ասել է Ասադն ու շարունակել. «Ահաբեկչությունը Սիրիայում կտարածվի նաեւ այլ երկրներում, ինչը կհանգեցնի ծայրահեղականության աճի եւ քաոսի... Սիրիայի համար ամենագլխավորն իր տարածքում ահաբեկչությունը ոչնչացնելն է»: