Սկսում եմ մտածել, որ պետք է մի կողմ թողնել Ասոցացման մասին համաձայնագիրը, ԵվրԱզԷՍ-ը, Մաքսային միությունը եւ արժանի մշակութաճարտարապետական տեսքի բերել Երեւանի «Փակ շուկան». այդ ժամանակ ժողովուրդը կսկսի լավ ապրել, ազատամարտիկները թոշակ կստանան, իսկ ուսանողներն անվճար կսովորեն: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով շինության վերակառուցման հետ կապված բողոքի ակցիաները:
Սարկազմով արտահայտած մտքերին զուգահեռ՝ Սահակյանն ընդգծել է, որ դրական է գնահատել հենց ակտիվիստների պայքարի գործընթացը. «Պարզապես շուկայի հարակից տարածքներում ապրող մարդիկ սովորել են դրա արտաքին տեսքին եւ փոփոխություններ չեն ցանկանում: Խնդիրը միայն դա է: Դա տեղային խնդիր է, այլ ոչ՝ համահանրապետական»:
Սահակյանի խոսքով՝ Սամվել Ալեքսանյանը իրավական առումով պատասխանատու չէ «Փակ շուկայի» նկատմամբ իրականացվող գործողությունների համար, քանի որ ընդամենը բաժնետեր է: «Եկեք ձերբակալենք Ալեքսանյանին, իսկ «Սիթի» խանութների ցանցի աշխատակիցները, որոնց թիվը մոտ 20 հազար է, թող գործազուրկ դառնան»,-հայտարարել է Սահակյանը, ընդգծելով, որ հիմքեր չկան՝ Ալեքսանյանին ձերբակալելու:
Փակ շուկայի ներկայիս սեփականատերը օլիգարխ եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: «Փակ շուկայի» վերակառուցման հարցը ժամանակին հասարակության բացասական արձագանքին էր արժանացրել, երեւանցիներն ընդդիմանում էին վերակառուցմանը՝ արդարացիորեն համարելով, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Մայրաքաղաքային իշխանությունները ժամանակին հավաստիացրել էին, որ խախտումներ եւ շեղումներ չեն լինելու: Սակայն Ալեքսանյանը անտեսել է շենքը վերակառուցելու արգելքը: Ներկայումս Երեւանի իշխանությունները փաստացի ընդունել են, որ անզոր են եղել օլիգարխի կամայականությունների դեմ, որը կարող է անպատժելիության ֆոնին ապօրինաբար խեղաթյուրել Երեւանի պատմական կերպարը: Իհարկե, չի բացառվում, որ կառուցապատողները շենքի դիմագիծն աղավաղել են առանց սեփականատիրոջ տեղյակ լինելու: Սակայն այս դեպքում խոսքն այն մասին չէ, թե ինչի տեսքի են մարդիկ սովորել, այլ՝ պետական մարմնի որոշումը չկատարելու, ինչի հանդեպ լոյալ վերաբերմունք ունի իշխող կուսակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը:





























