Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը գործնական է լինելու. դա աշխատանքային հանդիպում է՝ Հայաստանի համար դրական արդյունքներով: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով նախագահների հանդիպումը:
«Սենսացիաներ մի ակնկալեք: Հանդիպման ընթացքում քննարկվելու են հետագա գործողությունների վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքները դրական կլինեն մեզ համար»,-հայտարարել է Սահակյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ծրագրվում է բանակցությունների ընթացքում կարծիքներ փոխանակել երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ, այդ թվում՝ քաղաքական, առեւտրա-տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում համագործակցության:
Ծրագրվում է նաեւ քննարկել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին եւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը:




























