Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» անդամ, թեկնածու Սամվել Հայրապետյանին սատարում են Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության տեղի կառույցները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Հայրապետյանը:  Նա նշեց, որ այժմ քարոզարշավի մեջ է, գտնվում է Մեղրիում, ընտրողների հետ հանդիպման է: Սամվել Հայրապետյանի փոխանցմամբ` քարոզարշավը նորմալ ընթանում է, խոչընդոտներ չկան:

ՀՅԴ եւ ՀԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչներն այժմ նրա հետ չեն, սակայն մարզկենտրոն Կապանում կայանալիք հանդիպումներին միանալու են:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու` Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը`  առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից: Տիգրան Սարգսյանը ինքնաբացարկ էր ներկայացրել, իսկ Պավլիկ Սարգսյանի թեկնածության գրանցումը մերժվել էր, քանի որ նա չէր կարողացել վճարել ընտրագրավը: Այսպիսով, Սյունիքում պատգամավորի մանդատի համար պայքարին կմասնակցի 3 թեկնածու: