Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում ստացած 19-ամյա Արշակ Լազրի Մկրտչյանի ծնողները գնացել են նրան տեսության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը:

Նա նշեց, որ որդու վիճակը լավ է, երեւի 20 օր կմնա հիվանդանոցում, մինչեւ ապաքինվի: Բժիշկը ծնողներին վստահեցրել է, որ միջադեպը որեւէ հետեւանք չի ունենա երիտասարդի հետագա կյանքի վրա: «Գնդակը մի ոտքի ներքեւի մասին դիպել, քերծել էր: Անցել էր մյուս ոտքին, ներքեւի մասով, ծակել, անցել էր, այդ ընթացքում, որ պառկել էր, գնդակը փորն էլ էր վառելով անցել»,-պատմել է մայրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  6-րդ եւ 13-րդ կետի հատկանիշներով` սպանության փորձ շատերիկյանքի համար վտանգավոր ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մերի Սարգսյանը նշեց, որ կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ  նա գտնվում է Ալաշյանի զինվորական հոսպիտալում: Աշնանը կլրանա Արշակի ծառայության մեկ տարին: Նա Արարատի մարզի Հնաբերդ գյուղից է, ընտանիքում երկու երեխա են, ավագը` քույրը, ամուսնացած է: Արշակի հայրը աշխատում է գյուղի դպրոցում` որպես ուսմասվար, մայրը չի աշխատում: