Որոշ մարդկանց սխալ աշխատանքի, աշխատանքը չպատկերացնելու արդյունքում սպառողը ստիպված է լինում տուգանքներ վճարել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիների դեպքում գործող կանխավճարային համակարգին։

Հ/Կ-ի ղեկավարի խոսքով՝  ավտոկայանատեղիների դեպքում վճարման համակարգ է ներդրվել առանց որեւէ ուսումնասիրության, երբ, օրինակ, Հայաստանում հիսունից բարձր  տարիքի քաղաքացիները չեն կարողանում հաղորդագրություն կարդալ։ Իսկ գործող բացառապես կանխավճարային համակարգի մասին քաղաքապետարանը ոչ մի իրազեկում չի իրականացրել։

Նա շեշտեց, որ քաղաքացիների մեծամասնությունը չի պատկերացնում, թե կանխավճարային համակարգն ինչ է, իսկ ներդրված տեսահոլովակում ոչ մի տեղ չի նշվում կանխավճարային համակարգի մասին։ «Տուրքի վճարման պարտավորությունը ծագում է կայանման պահից, բայց տուրքի վճարման չափը պարզ է դառնում կայանման ավարտից հետո, այսինքն՝ տուրքի վճարման պարտավորությունը պետք է ծագի դրա կայանման ավարտից հետո»,-նշեց Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ վճարման համակարգը ներդրված է այնպես, որ պետք է քաղաքացիներին խորհուրդ տալ վճարեն ամսավճարը, այլապես մի քանի րոպե ավել կայանելու համար պետք է 5000 հազար դրամ տուգանք վճարեն։ Ըստ որում՝ վճարովի ավտոկայանատեղիների համար վճարելիք գումարը վերաբերում է  ընթացիկ տարվան, եւ չի բացառվում, որ մյուս տարի այդ գները բարձրանան։

Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ զանգել են հիսուն տաքսի ծառայությունների, որոնցից միայն երեքում էին տեղյակ՝ ինչ է կանխավճարային համակարգը, միայն  երկուսին էր անհետաքրքիր, թե դա ինչ է, որովհետեւ այդտեղ մեքենայի համար ամսական գումարն արդեն վճարել էին, բայց նույնիսկ բանկերում կանխավճարային համակարգի գործունեությունից տեղյակ չեն, ավելի վատ վիճակ է մարզերում։

Թե ինչու հանրությանը չի տեղեկացվում կանխավճարային համակարգի մասին, ապա Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հնարավոր է դիտավորություն կա, չի բացառվում նաեւ, որ սիրողական մակարդակի,  առանց տեղայնացնելու վճարովի ավտոկայանտեղիների համակագը վերցրել եւ կիրառել են։