Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, եւ այս ինստիտուտը Հայաստանում կայացել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Հայաստանի ԱԻՆ-ում, արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, եւ այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Դրա հիմնական ազդակը մեր քաղաքացիները ստանում են ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Տասնյակ հազարավոր զանգերը, դիմումները՝ օգնություն ստանալու համար, չեն մնում անպատասխան: Եվ տարեցտարի բարելավելով ծառայությունների որակն ու մակարդակը՝ դուք կարողանում եք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ: Սա ամենակարեւոր արդյունքն է, որը մենք ունենք»:

Վարչապետի խոսքով՝ էապես ավելացել են նաեւ այն ոլորտները, որտեղ ԱԻՆ-ն աշխատում է: Նախարարության գործունեությունը դարձել է բազմաբովանդակ, իսկ ԱԻՆ-ի աշխատակիցները հետզհետե ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ, մատուցում նոր ծառայություններ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ժամանակակից մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ինչին էլ ուղղված է ԱԻՆ-ի միջազգային համագործակցությունը: «Տեսնում ենք, որ շնորհիվ ձեր աշխատանքի՝ բարձրանում է նաեւ Հայաստանի միջազգային հեղինակությունը, որովհետեւ դուք ցույց եք տալիս ողջ աշխարհին, որ ՀՀ-ն եւս կարող է մասնակցել տարբեր կետերում տեղի ունեցող աղետների հետեւանքների վերացմանը: Այդ առումով, մենք դարձել ենք միջազգային հանրության անբաժանելի մասը»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետը որպես առաջնահերթություն կարեւորել է հատկապես կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որպեսզի արտակարգ իրավիճակների պարագայում վնասները հասցվեն նվազագույնի: Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, նախարարության ծրագրերն ուղղված են առաջին հերթին ինտելեկտուալ, գիտական կարողությունների բարձրացմանը. ավելացվում են նաեւ գիտահետազոտական աշխատանքների ծավալները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախարարությունը կարողացել է համախմբել մեր երկրի գիտնականներին՝ իր առջեւ ծառացած խնդիրների լուծման նպատակով: Վարչապետի խոսքով՝ այդ ամենը հույս է ներշնչում, որ ապագայում էլ ԱԻՆ-ը կգտնվի բարձր մակարդակի վրա:

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Նիկոլայ Գրիգորյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Կոչման վկայականը Ն. Գրիգորյանին հանձնել է վարչապետ Սարգսյանը:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ մի քանի աշխատակիցների վարչապետը պարգեւատրել է Անանիա Շիրակացու մեդալով:

Գերատեսչության մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են նաեւ ՀՀ վարչապետի հուշամեդալով, խրախուսվել շնորհակալագրերով եւ հուշանվերներով: 

Այնուհետեւ ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվել է Արտակարգ իրավիճակների աշխատողի հուշարձանը: