Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուց հետո ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարը Արամայիս Գրիգորյանն է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ձեռնպահ մնաց հաստատել իր պատգամավոր դառնալու մասին լուրերը:
«Ես տեղեկություն չունեմ` ով է գնում, ինչի է գնում, երբ է գնում, գնում է, թե չի գնում: Վահանն իմ լավ ընկերն է, իրեն չեմ հանդիպել, չեմ խոսել, որ իմանամ` գնում է, թե չի գնում, տեղյակ չեմ, ճիշտն ասած: Պետք է սպասենք, տեսնենք, երբ որ ինքը գնա, նոր ես որոշում կկայացնեմ, բացարձակ տեղեկություն չունեմ, չգիտեմ իր որոշման մասին, իր հետ կխոսեմ, նոր կասեմ ձեզ իմ որոշման մասին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ինքնաբացարկ հայտնելուն, ապա Արամայիս Գրիգորյանն ասաց, որ այժմ ընդհանրապես այդ մասին չի մտածում, չի կարող ոչինչ ասել: «Սպասեք, թող գա ժամանակը, ամեն ինչ կորոշենք կասենք, հիմա էդ մարդը իր տեղում նստած է, անհարմար չի՞, ինքը իմ շատ լավ ընկերն է, ես նման բան ոնց ասեմ, երբ ինքը կտեղափոխվի, իմ որոշման մասին կտեղեկացնեմ»
Նա նշեց, որ այժմ իր աշխատանքի մեջ է, բիզնեսով է զբաղվում, թեեւ ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակում, բայց կուսակցական չէ:
Ի դեպ, Արամայիս Գրիգորյանն 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, թիվ 18 ընտրատարածքից ընտրված անկուսակցական Արայիկ Գրիգորյանի եղբայրն է:
Նշենք, որ տեւական ժամանակ է լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում ՀՅԴ անդամների տարբեր երկրներում դեսպաններ նշանակվելու մասին,որոնք սակայն, որեւէ կերպ չէին մեկնաբանվում դաշնակցականների կողմից: Օրերս Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հաստատել է, որ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ է ստացել եւ այդ առաջարկն իր համար ընդունելի է:





























