«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքից կհանվեն «գենդեր» եւ «գենդերային» բառերը եւ «սեռ» եզրույթը, դրանք կփոխարինվեն այլ բառերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օրենքի համահեղինակ  ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ավելացրեց, որ իրենք դրան դեմ չեն:

«Մենք ի սկզբանե տրամադրված էինք, որ տարբեր հանձնաժողովներում կանայք ներգրավված լինեին: Հիմա կան շատ հանձնաժողովներ, որտեղ պետք է պարտադիր ամրագրվեր, որ պետք է կին անդամ ունենան: Մեր նախագիծը վերաբերում էր դրան, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց», ասաց Հովհաննես Մարգարյանը: ԱԺ պատգամավոր հավաստիացրեց, որ իրենք ծայրահեղացված հավասարության կողմնակից չեն եւ մի քանի օրինակներ բերեց:

«Երբ հանդիպեցի հոգեւորականների հետ,  հասկացա, որ խնդիրներ կան, որով չես կարող տղամարդկանց եւ կանանց հավասարեցնել: Դարեր շարունակ ասվել է «տեր հայր»: Չենք կարող ասել «տեր մայր», չէ՞: Կամ  եկեղեցում  կնոջը հարցնում են. «Հնազա՞նդ ես», իսկ տղամարդուն. «Տե՞ր ես» եւ Աստծո տանը երդվում են: Հիմա մի հարց՝ հնարավո՞ր է հնազանդի եւ տիրոջ հնարավորությունները նույնը լինեն: Օրինակ, Գյումրիում, չեն ասում կանայք եւ տղամարդիկ: Ասում են կնիկ մարդ, տղամարդ: Բայց որոշակի հարցերում պետք է օրենքով հավասարություն ապահովել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 20-ին  ԱԺ-ի ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթով «սեռ» եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել դրույթը շտկելու նախաձեռնությամբ: