Գյումրիի դիահերձարանում դիակների վիճակը շարունակում է վտանգված մնալ. դիահերձարանը ոչ նոր տարածք է տեղափոխվել, ոչ էլ առնետներն են վերցել: Բացի այդ, հաճախ գյումրեցիները հերթ են կանգնում՝ հարազատների դիակները դիահերձելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակի հետ զրույցում դժգոհեցին գյումրեցիները: Նրանք դժգոհում էին, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների խոստումների դեպքում սայլը տեղից չի շարժվում:
NEWS.am-ն այս խնդրի շուրջ զրուցեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյաննի հետ, ով ասաց, թե խոստումի համաձայն Սաբոյան փողոցում նախկին արյան կենտրոնի շենքը տրամադրվել է դիահերձարանի համար, սակայն քանի որ ժողովրդավար երկրում ենք ապրում, բնակիչների դեմ դուրս չեն եկել:
«Գիտեք, ծնունդն ու մահը իրար հետ խիստ կապված են, բայց Գյումրիում ծնունդի հետ լավ են, իսկ մահվանից վախենում են: Մոռացել են, որ մարդիկ մահկանացու են: Մարդիկ կանգնեցին, բողոքեցին պայքարեցին, որպեսզի մենք չկարողանանք այդտեղ նոր դիահերձարան կառուցել: Հիմա էլ նոր տեղ ենք փնտրում: Որտեղ մոտենում ենք, ժողովուրդը վազելով գալիս ասում է, թե դիակներից վախենում են: Ոչ մի մարզում չեն վախենում, իսկ Շիրակի մարզում վախենում են: Ինչ է, եթե իրենց հարազատներից վախենում են, դիահերձարանը տանենք Թուրքիայում կառուցե՞նք, տանեն թողնեն գան: Դուք հասկանո՞ւմ եք զավեշտը ինչի է հասնում»,- դժգոհեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Հարցին, թե ամայի տարածք Շիրակի մարզում չկա՞, նա արձագանքեց. «Ամայի տարածքից էլ աշխատողներն են վախենում: Իսկ ավելի լուրջ այդ տարածքը դեռ փնտրվում է: Ամայի տարածքում հարմար չէ, քանի որ պետք է հոսանք լինի, կոյուղի, գազ հազար ու մի բան»: Նա հաստատեց, որ ներկա դիահերձարանի պայմանները շարունակում են անբավարար մնալ:
Հարցին, թե ինչո՞ւ չեն պայքարում առնետների դեմ, պաշտոնյան պատասխանեց. «Օրեր առաջ էլ կենդանիների պաշտպանությունից եկել էին Գյումրի՝ ի պաշտպանություն առնետների: Տեսնում եք խնդիրն ուր է հասել»:
Ավելի վաղ մարտի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ահազանգել էր, որ Շիրակի մարզում 75-ամյա հանգուցյալի հարազատները, վճարելով 36 հազ. դրամ, ստիպված են եղել 1 օր դիակը թողնել դիահերձարանում, սակայն հաջորդ օրը պարզվել է՝ ձեռքի մատները առնետները կերել են: Պատգամավորը նշել էր, որ նման դեպքերը սովորական բնույթ են կրում, քանի որ դիահերձարաններում սառնարան չկա, շենքային պայմանները բավարար չեն, դիակներին կարտոֆիլի պարկերի նման շարում են բետոնե հատակին, տեղ չլինելու դեպքում՝ իրար վրա: Ձմռանը որոշ համայնքներում դիահերձումն իրականացնում են գյուղապետարանում, քանի որ ճանապարհները փակ լինելու պատճառով դիակին չեն կարողանում հասցնել մարզկենտրոն:





























