Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը 10 օրից կասի՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ինքը մասնակցություն կունենա՞, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սուրեն Խաչատրյանը: Նա նաեւ  նշեց, որ տեղյակ չէ, թե Սյունիքում նախընտրական իրավիճակը ինչպիսին է:

«10 օրից ես կփորձեմ իմանալ, թե ինչպես է նախընտրական իրավիճակը եւ նոր որոշում կընդունեմ կմասնակցեմ, թե՝ ոչ»,- ասաց Սուրեն Խաչատրյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց 10 օրից, նա արձագանքեց. «Որովհետեւ ես այդպես եմ ցանկանում»: Նախկին մարզպետը չցանկացավ այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը` ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել քաղաքացիներ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը, Վահրամ Արտուշի Հովհաննիսյանը`  ինքնաառաջադրման կարգով, ինչպես նաեւ Արմեն Սերյոժայի Կարապետյանը` առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից եւ Սամվել Ռաֆիկի Հայրապետյանը`  առաջադրված «Ժառանգություն» կուսակցության կողմից: Ավելի ուշ Պավլիկ Վասպուրի Սարգսյանը, Տիգրան Ալավերդիի Սարգսյանը ինքնաբացարկ հայտնեցին: