Ստեփանավան քաղաքում սեպտեմբերի 4-ին` երեկոյան, 48-ամյա հորը սպանած տղամարդուն` 31-ամյա Վանիկ Ջուլհակյանին, 2 ամսով կալանավորել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից:
Ջուլհակյաններն ապրում են Ուռուտ գյուղում, տանը բնակվում էին երեք հոգով` հայրը, մայրը եւ որդին, Վանիկ Ջուլհակյանի քույրերն առանձին են ապրում, նրանցից մեկն ամուսնացած է: Հայրը երկար տարիներ վարորդ է աշխատել:
Դեպքի պահին ոչ ոք տանը չի եղել:
Մեր տեղեկություններով, հորը դանակահարելու պատճառը կենցաղային հողի վրա ծագած վեճն է եղել, երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրան: Վանիկ Ջուլհակյանը դեպքի ժամանակ եղել է ալկոհոլային հարբածության վիճակում: Հարեւաններից մեզ հայտնել են, որ պարբերաբար նրանց տնից վիճաբանության ձայներ են լսվել: Երիտասարդը ամուսնացած չէ, մասնագիտություն եւ աշխատանք չունի, նա գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, 1-2 ամիս առաջ է վերադարձել:
Փորձեցինք մանրամասներ ճշտել նաեւ Ուռուտի գյուղապետ Սերգո Ջուլհակյանից, սակայն նա երկու օր է` անընդհատ բարկացած անջատում է հեռախոսը` ասելով, որ տեղը հարմար չի, դժբախտ դեպք է եղել, չի կարող խոսել եւ այլն: Միեւնույն ժամանակ, փորձեցինք նրանից հետաքրքրվել, թե արդյոք իր բարեկամներն են, բայց գյուղապետը հերքեց` ասելով, որ Ջուլհակյաններ շատ կան` տարբեր վայրերում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում, սեպտեմբերի 4-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել: Շտապօգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 48-ամյա Սամվել Ջուլհակյանի տուն` նրան հայտնաբերել են մահացած: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով: Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 31-ամյա Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին եւ պատճառել մահ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է: Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:





























