ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում  ընդունվել է 95 օրենք:  Դրանցից 79-ի հեղինակը կառավարությունն է 15-ինը՝ ԱԺ պատգամավորները, 1-ը՝ համատեղ:  ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ  գարնանային նստաշրջանի դիտարկման արդյունքները  parliamentmonitoring.am-ը: Նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը 22 որոշում է ընդունել օրինագծերը հատուկ կարգով քննարկելու եւ ընդունելու մասին, դրանցից 15-ը՝ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Թվերը փաստում են, որ այս նստաշրջանում էլ խորհրդարանը հաճախ պատշաճ ժամանակ չի հատկացրել օրինագծերի քննարկմանը: Ըստ վիճակագրության՝ օրենքների մոտ կեսը 3-րդ նստաշրջանում ընդունվել է առանց շահագրգիռ քննարկման (հարց ու ելույթներ չեն եղել): Օրենքների 25 տոկոսը կամ յուրաքանչյուր 4-րդ օրենք ընդունվել է հատուկ կարգով:

Օրինաստեղծ  աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդ նստաշրջանների համեմատ աճել  է: Եթե, օրինակ, հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում  օրենսդրական նախաձեռնությունների կառավարություն-ԱԺ տոկոսային  հարաբերակցությունը 94/6  էր, ապա երրորդ նստաշրջանում 84/16 է: Փոխարենը խորհրդարանն ամբողջովին պահպանել է քվեարկությունների տրամաբանությունը.  ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան միշտ հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած նախագծերը եւ դեմ քվեարկել բացառապես  ընդդիմության նախաձեռնություններին: Ըստ վիճակագրության՝ ԱԺ մեծամասնությունը  դեմ է արտահայտվել քվեարկված օրինագծերի հազիվ 1 տոկոսին: