ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում էթիկայի հանձնաժողովը հրավիրել է 14 նիստ, ստացել է 6 դիմում, որոնցից վարույթ է ընդունել միայն մեկը: Այս մասին հայտնում է  parliamentmonitoring.am-ն` ամփոփելով ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ  գարնանային նստաշրջանը:

Կայքի փոխանցմաբ  5 դիմում մերժել է վարույթ ընդունել, վարույթ ընդունված միակ դիմումի առնչությամբ կայացրել է բացասական եզրակացություն: Ընդ որում ՝ 3-րդ նստաշրջանի ընթացքում հանրային սեկտորից` քաղաքացիներից եւ հասարակական կազմակերպություններից ստացված դիմումների քանակը  կիսով չափ կրճատվել է: Աշնանային նստաշրջանի ընթացքում  հանձնաժողովը ստացել է 13, իսկ գարնանայինի ընթացքում ` 6 դիմում: Ներկայացված դիմումների գերակշիռ մասը կամ վարույթ չի ընդունվել , կամ էլ մերժվել  է վարույթ ընդունվելուց հետո:

Ըստ փորձագիտական գնահատականի՝ վիճակագրությունը վկայում է Էթիկայի հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահության անկման մասին: Սակայն 5-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգը աննախադեպ հագեցած է եղել խորհրդարանի վերահսկողական գործառույթի շրջանակի հարցերով՝ 4 ծրագիր, հաշվետվություն,  2 զեկույց եւ 1 հաղորդագրություն: Այս տասը փաստաթղթերի կեսից ավելին խորհրդարանում արժանացել է տեւական եւ բուռն քննարկման: 

Փաստացի՝ 3-րդ նստաշրջանի լիագումար նիստերի ժամանակի, մոտավոր հաշվարկով, գրեթե կեսը հատկացվել է ծրագրեր-հաշվետվություններ-հաղորդումներ լսել-հավանության արժանացնել-հաստատել-ի գիտություն ընդունելուն եւ մյուս կեսը՝ 95 օրենքների ընդունմանը,  որոնց մեծ մասը մեկից ավելի ընթերցումներ է անցել: 3-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրվել է խորհրդարանի անփույթ վերաբերմունքը կառավարության կողմից ներկայացված հարցերի խճճված հաջորդականության նկատմամբ. ԱԺ-ն նախ հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը, հետո քննարկել նախորդ տարվա բյուջեի կատարողականը, ապա խիստ զարմացել բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսերի մասին Վերահսկիչ պալատի հաշվետվությամբ հրապարակված փաստերից: