Դատապարտյալների հիվանդանոցում սեպտեմբերի 6-ին մահացած «բանդայի» գործով անցնող Արման Դալլաքյանի հարազատները պայքարել են, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց` որակյալ բուժում ստանալու համար, սակայն չի հաջողվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը:
Նա հիշեցրեց, որ դեռեւս նախաքննության ընթացքում, երբ Արման Դալլաքյանն իրեն ինքնավնասել էր, միաժամանակ ուներ «գրիժայի» խնդիր, սակայն շուրջ մեկ տարի չեն վիրահատվել, ասելով, թե հերթի մեջ է: «Մեկ տարի անց վիրահատվեց: Որոշ ժամանակ իրեն լավ է զգացել, բայց 1.5 ամիս առաջ աճուկների վիրահատության է ենթարկվել: «Հետո աչքերի խնդիր առաջացավ: Ընթացքում Երբ բանդայի գործով Քյարամ Ամոյանին տեղափոխել էին հիվանդանոց, այդ օրը նրան էլ էին տեղափոխել եւ նորից հետ էին բերել «դատապարտյալների հիվանդանոց»: Մոտ երկու շաբաթ է, ինչ տեղափոխվել էր դատապարտյալների հիվանդանոց, թե ես, թե հարազատները, չենք կարողացել նրան այցելել»,- պատմեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ իրենց փոխանցել են, թե նա ի վիճակի չէ գալու հանդիպման: «Ես գնում էի տեսակցության, ասում էին դեղորայք, կաթիլային է ստանում, չի կարող գալ: Բայց հավատացնում էին, որ ամեն ինչ նորմալ է: Նույն իրավիճակն էր նաեւ հարազատների հետ:
Նշենք, որ Արման Դալլաքյանը ձերբակալվելուց հետո չէր սափրվում, ինչը փաստաբանը հետեւյալ կերպ հիմնավորեց. «Նա ասում էր, որ քանի որ ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ, կսափրվի, երբ արդարություն լինի»:
Հիշեցնենք, որ Երեւանում, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Արման Դալլաքյանը դատապարտյալների հիվանդանոցում սեպտեմբերի 6-ին, ժամը 20.42-ին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նշենք, որ Արման Դալլաքյանը հայտնի է «Կոլոտ Արման» մականունով: Ավելի վաղ Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին բանդայի անդամ չէ:
«Ես չգիտեմ իրական բանդայի անդամներին են բռնել, թե` ոչ, բայց իմ տղան անմեղ է: Նրան արդեն Սովետաշենի հոսպիտալից դուրս են գրել եւ տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նույնիսկ չթողեցին, ստացիոնար բուժում անցնի: Անմեղ մարդկանց ձերբակալելով փորձում են ղեկավարությանը ցույց տալ, թե գործ են կատարում: Բայց ի՞նչ իրավունք ունեն անմեղ մարդուն ձերբակալեն եւ այնքան ճնշեն, որ մեղքն իր վրա վերցնի: Մինչ Եվրադատարան պետք է բողոքեմ, որ տղայիս անմեղությունն ապացուցեմ»,- ավելացրել էր Ալբերտ Դալլաքյանը: Վերջինս նաեւ հիշեցրել էր, որ իր որդին` Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: Մինչ այդ, ըստ նրա, մի քանի հոգով հարձակվել էին վրան, ծեծել, կողոսկրերը ջարդել, ինչի արդյունքում հաստ աղիքն ու թոքը ծակվել էին: Արմանը ուներ 3 անչափահաս երեխա, մայրը մանկավարժ է, իսկ ինքը խոհարար էր: NEWS.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:





























