27-ամյա Համլետ Մխիթարյանը Սեւանի փողոցում գտնվող ավտոկայանում վեճի է բռնվել Խաչիկ Դումանյանի հետ, որի ընթացքում հեգնելով վերջինիս ոստիկան լինելու հանգամանքը ծեծել է նրան: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա Համլետ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 10-ին, ժամը 18:00-ի սահմաններում քրեական գործով դեռեւս չպարզված երկու անձանց հետ Երեւանի Սեւանի փողոցում գտնվող ավտոկայանում վեճի է բռնվել Խաչիկ Դումանյանի հետ, որի ընթացքում հեգնելով վերջինիս ոստիկան լինելու հանգամանքը եւ նրանից դիտողություն ստանալով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Խաչիկ Դումանյանին, իսկ գործով դեռեւս չպարզված անհայտ անձանցից մեկն այդ ընթացքում բռնել է Խաչիկ Դումանյանի թեւերից եւ այդ կերպ ֆիզիկական ներգործություն ունենալով նրա վրա՝ ապահովել է Հ.Մխիթարյանի կողմից հարվածներ հասցնելը եւ զրկել Խ. Դումանյանին դրանից պաշտպանվելու հնարավորությունից:

Ծեծի արդյունքում ոստիկանն ստացել է աջ բազկի, կրծքավանդակի շրջանների արյունազեղումների, ձախ ճաճանչոսկրի փակ ներհոդային տիպիկ տեղի չտեղաշարժված կոտրվածք:

Քրեական գործ է հարուցվել 113  հոդվածի 2-րդ մասի  3 եւ 6 կետերով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատրվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով): Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:

Գործը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 6-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: