Եվրամիությունն ու Ռուսաստանը հնարավոր չեն համարում ունենալ ընդհանուր արտասահման կամ մերձավոր հարեւանություն, եւ յուրաքանչյուրը պայքարում է այդ մերձակա արտասահմանում ազդեցության համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Բեռլինից՝ անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարին՝ Մաքսային Միություն մուտք գործելու մտադրության Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո:

«Եթե բոլոր այդ ասոցացիաներում կամ համաձայնագրերում չլիներ այդքան քաղաքականություն, ապա հնարավոր կլիներ համաձայության գալ, որպեսզի այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է, կարողանար կնքել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, շարունակել եվրաինտեգրացումը, ինչ-որ կերպ տնտեսական կապեր հաստատել նաեւ Եվրասիական միության ու Մաքսային միության հետ»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ, հավանաբար, դա հիմա չի ստացվի, քանի որ նախագծերում շատ է քաղաքականությունը:

Ալեքսանդր Ռարի համոզմամբ, Հայաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան, պետք է այժմ ընտրություն կատարեն. կամ շարունակում է եվրաինտեգրումը եւ չի միանում ՄՄ-ին, կորցնում Ռուսաստանի աջակցությունը, գազը կթանկանա, կվատթարանան տնտեսական հարաբերությունները, իսկ Եվրամիության դեպքում պետք է հիշել, որ կապը կայանում է Թուրքիայի միջոցով, ուստի ինտեգրման համար պետք է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչն այս փուլում շատ բարդ է: «Հետեւաբար, Հայաստանի համար միակ ելքն իսկապես, փորձել իրենը ստանալ եւ՛ այստեղ, եւ՛ այնտեղ, հրաժարվել եվրաինտեգրման հեռանկարից, ու սպասել Ռուսաստանի ու Եվրամիության միջեւ հարաբերությունների լավացմանը, նույնիսկ որ Ռուսաստանը ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքի. այդ դեպքում Մաքսային միության անդամ բոլոր երկրները բոնուսներ կստանան»,- եզրափակել է Ալեքսանդր Ռարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միության մուտք գործելու Հայաստանի մտադրության եւ հետագայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորման աշխատանքներին մասնակցելու մասին: