Իրականում Եվրամիությունն այնքան է հետաքրքրված Հայաստանով, որ անգամ նախագահի հայտարարությունը ոչ մի կերպ չի ազդում, ասենք բանակցային գործընթացի եւ «Արեւելյան համագործակցության» Վիլնյուսի վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին՝ անդրադառնալով Մաքսային Միություն մուտք գործելու մտադրության Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո եվրաինտեգրման հեռանկարին:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Մաքսային միությանը անդամակցելու նախագծերի հետ կապված, այսպես ասած, դեռ ուժի մեջ է, քանի որ այդ թեմայի շուրջ ՄՄ անդամների հետ պաշտոնական բանակցություններ չեն ընթանում: Այնպես որ, ես կարծում եմ, որ ԵՄ քաղաքականությունն այս հարցում խիստ չի փոխվի », - նշել է վերլուծաբանը: Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրությանը, նրա խոսքով, իհարկե, նախագահի հայտարարությունից հետո Մաքսային միությունը կկարողանա ներկայացնել կոնկրետ առաջարկություն եւ կոնկրետ ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի Մաքսային միության հնարավոր անդամակցության վերաբերյալ: Այսպիսով, ինչպես նշեց Մատեուշ Պիսկորսկին, պետք է հուսալ, որ հայ քաղաքական գործիչները եւ հասարակությունը կկարողանա համեմատել, թե ինչ են առաջարկում Եվրամիությունը մի կողմից, իսկ մյուս կողմից Մաքսային միությունը, ապա որոշում կայացնել այս կամ այն նախագծին մասնակցելու մասին:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի կնքմանը, լեհ փորձագետը նշել է, որ այն կկնքվի, բայց այլ հարց է, որ այս համաձայնագիրը դեռեւս պետք է վավերացվի, եւ վավերացումը կախված է նրանից, թե որքան շուտ Հայաստանը կսկսի Մաքսային միության անդամակցության բանակցությունները: «Իհարկե, ինչ - որ պահի Հայաստանում քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը ստիպված կլինեն ընտրություն կատարել, քանի որ, ցավոք սրտի, երկու ինտեգրացիոն նախագծերի միաժամանակ ներգրավվածությունը հնարավոր չէ եւ տարբեր պատճառներով. առաջին հերթին ԵՄ հետ պայմանավորվածությունների այն մասը, որտեղ խոսվում է խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին», - եզրափակեց Մատեուշ Պիսկորսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 3-ին հայտարարվեց ՄՄ մուտք գործելու Հայաստանի մտադրության եւ հետագայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորման աշխատանքներին մասնակցելու մասին:





























