21-ամյա ակտիվիստ Արման Ալեքսանյանին կասկածելի արտաքինով եւ ատլետիկ կազմվածքով մարդիկ հետապնդել են Երեւանի քաղաքապետարանից դեպի Մաշտոցի պողոտա ճանապարհին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արման Ալեքսանյանը:

«Քաղաքապետարանի մոտից ընկերներիս հետ քայլում էի դեպի Մաշտոցի պողոտա: Գրիգոր Լուսավորչի խաչմերուկում բաժանվեցի ընկերներիցս ու շարունակեցի ճանապարհս: Բոուլինգի խաղասրահի ավտոկանգառի մոտ հարված զգացի թիկունքից եւ ընկա»,- սեպտեմբերի 4-ին, ժամը  23:00-ի սահմաններում տեղի ունեցած բռնության մանրամասներն է հիշում տուժածը:

Ակտիվիստը նշում է, որ իր վրա հարձակվել են 10-15  երիտասարդներ՝ «սեւ շապիկներով, թրաշած գլուխներով ու մահակներով»:

Դեպքի հաջորդ օրը տեղազննության ժամանակ, Արման Ալեքսանյանը դիմացի մայթով քայլող երիտասարդների մեջ ճանաչել է «ջարդարարների խմբի» անդամներից մեկին՝ սպիտակ շապիկով մի երիտասարդի: «Երբ քննիչին հայտնեցի այդ մասին, նրա պատասխանը եղավ, թե հիմա ում տեսնես, ասելու ես ինքն ա ծեծե՞լ»,-  նշեց Արման Ալեքսանյանը:

Նա ենթադրում է, որ  ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել մեղավորներին. «Ամեն ինչ առավել քան պարզ է, եթե ոստիկանությունն ուզեր, արդեն գտած կլիներ մեղավորներին, դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»:

Արմանի վերքերն արդեն ապաքինվում են: «Նրանք նպատակ չունեին լուրջ վնասվածքներ հասցնել եւ հարվածում էին միայն ոտքերիս՝ վախեցնելու համար»,-վստահ է ակտիվիստը:

ԵՊՀ ուսանողը, որն  արդեն աշխատում է որպես ծրագրավորող, ասում է, որ «վախեցնելու փորձը ձախողվել է» եւ, որ ինքն ավելի հաճախակի է մասնակցելու քաղաքացիական նախաձեռնություններին: