Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է Հայաստանի հարցով խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին, որպեսզի գնահատական տա ստեղծված իրավիճակին, սակայն նա անհամատեղելիություն է տեսնում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու եւ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտուն մասնակցելու միջեւ: Այս մասին ասվում է Էվդարդ Նալբանդյանի եւ Լինաս Լինկյավիչուսի հանդիպման արդյունքում Լիտվայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք հարգում ենք Հայաստանի կամքը, բայց մենք պետք է ընդգծենք, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը նվազեցնում է Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրման եւ համագործակցության հավակնությունները»,-հայտարարել է նա:
Լիտվայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ այդ համատեքստում կարեւոր է նայել ապագային եւ չկորցնել այն, ինչը Հայաստանը ձեռք է բերել վերջին 5 տարիների ընթացքում մասնակցելով «Արեւելյան գործընկերության» ծրագրում, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում:
Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարարի այցը ցույց է տալիս, որ երկիրը ցանկանում է համագործակցել ԵՄ-ի հետ եւ մասնակցել «Արեւելյան գործընկերություն» ծրագրին:





























