Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կնվազեցնի մեր անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ կհանգեցնի ԼՂ հարցում խնդիրների: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ է  հայտնել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա հիշեցրել է, որ Մաքսային միությանը միանալու օգտին երկու հիմնական եզրակացություն է բերվում, որոնցից մեկը ռազմաքաղաքական առավելությունն է, որի տակ կարելի է հասկանալ ԼՂ խնդիրը, եւ երկրորդը՝ Հայաստանի անվտանգությունն է:

«Բայց կներեք, ի՞նչ կապ ունի Մաքսային միությունն այդ խնդիրների հետ: Մինչ այժմ ես կարծում էի, որ մեր անվտանգությունն ապահովվում է հայ-ռուսական մեծ պայմանագրով, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամակցությամբ: Այլ հարց է, որ եթե մենք չենք գնում դրան, ապա ենթադրվում է, որ Ռուսաստանը նահանջում է իր միջազգային պարտավորություններից եւ չի ապահովում մեր անվտանգությունը: Այդ դեպքում հարց է ծագում, այդ ի՞նչ ռազմակավարական դաշնակից է Ռուսաստանը, որ կարող է պայմանագիր ստորագրել, իսկ հետո հետ կանգնել»,-ընդգծել է Պապյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցումը կնվազեցնի Հայաստանի անվտանգության մակարդակը եւ խնդիրներ կստեղծի Արցախի հարցում: Փորձագետը պարզաբանել է, որ Մաքսային միության մեջ չընդգրկված երկրներից զենքի ներմուծումը կթանկանա 20 տոկոսով: «Այսինքն, զենքի մատակարարման միակ աղբյուրը մեզ համար կդառնա Ռուսաստանը: Մնացած երկրները մրցունակ չեն լինի նման գների պայմաններում: Դա, իր հերթին, նշանակում է մեր անվտանգության այլընտրանքների թուլացում»,-ասել է Պապյանը:

Ինչ վերաբերում է փաստարկին, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը հանուն Լեռնային Ղարաբաղի, Պապյանը նշել է, որ այսօր ԼՂՀ-ից որոշակի արտադրանք է ներմուծվում Հայաստան: Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային անցակետեր պիտի լինեն եւ ԼՂՀ-ն ստիպված է լինելու մաքսատուրքեր վճարել, այն էլ ոչ թե Հայաստանին, այլ Մաքսային միությանը: «Կկարողանա՞ ԼՂՀ տնտեսությունը դիմանալ այդ լրացուցիչ ծախսերի պայմաններին: Իհարկե՝ ոչ»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am