Երեւանում գործող վճարովի ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել սահմանված հսկողությունը եւ շարունակել համապատասխան միջոցների ձեռնարկումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ:

Հանրակրթական դպրոցներում աշակերտների ընդունելության գործընթացի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 2013-2014 ուսումնական տարում  հիմնական դպրոցների առաջին դասարաններ է ընդունվել 11 հազար 689 աշակերտ, նախորդ ուսումնական տարվա 10 հազար  769 աշակերտների համեմատ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի 68 հանրակացարանային շենքում բնակվող քաղաքացիների կողմից բնակարանների սեփականաշնորհման գործընթացին անդրադառնալով՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են եւ գործընթացը առաջիկայում ամբողջությամբ կավարտվի:

Անշարժ գույքի եւ դրան հարակից  ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Տնտեսվարողներին մեկ անգամ եւս գրավոր ծանուցվում է հարակից տարածքների բարեկարգման եւ կանաչապատման հետ կապված իրենց պարտավորությունների մասին` կցելով յուրաքանչյուր օբյեկտի բարեկարգման ենթակա տարածքի սխեման: