Երեւանյան վարորդները կարող են մեկ վճարումով կայանվել մի քանի վայրերում: Այս մասին այսօր հայտարարել է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: Ընկերությունը հաղթել է Երեւանում ավտոկայանատեղիների սպասարկման տենդերը եւ արդեն տեղակայել է կայանման համար նախատեսված տարածքներն ու տեսախցիկները:

«1 ժամ կայանումն արժե 100 դրամ, 1 օրը՝ 500, 1 շաբաթը՝ 1000, մեկ ամիսը՝ 2000: Եթե վճարեք, օրինակ, 1 ժամվա համար, ապա դա կարող եք ծախսել քաղաքի ցանկացած վճարովի կայանատեղիում»,-ասել է նա:

Ընկերությունն արդեն փոքր կենտրոնում տեղադրել է 2 հազար տեսախցիկ, հետագայում նախատեսվում է տեղադրել եւս 3 հազարը: Վերահսկողություն իրականացնելու են նաեւ որոշակի ժամանակահատվածներում այդ տարածքներում շրջող ավտոմեքենաներն ու դրանց ամրացված տեսախցիկները: «Այդ ամենը մեզ թույլ է տալիս առավելագույնս ճշգրիտ հաշվարկել կայանման ժամանակը եւ համապատասխանաբար, գանձվելիք գումարի չափը»,-հավելել է Վազգեն Հարությունյանը:

2013-ին կայանման ցանցերում ներդրված գումարի չափը կազմել է 5 մլն դոլար, իսկ 2014-ին նախատեսվում է եւս այդքան գումար ներդնել: Ընկերությունն ակնկալում էր մինչեւ տարեվերջ ստանալ մոտ 1 մլրդ դրամի եկամուտ, սակայն Հարությունյանի կարծիքով այդ ցուցանիշին հասնել արդեն չեն կարողանա, քանի որ կայանատեղիները նախատեսվածից ուշ են բացվել:

Մի շարք դեպքերում, հավելել է նա, «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի կայանատեղիներում իրենց կայանատեղիներն են տեղակայում մոտակայքում գտնվող խանութները: «Այդ պատճառով այնտեղ կայանվողներից չենք կարող գումար գանձել: Մեզ պատասխանում են, որ դա մեր կայանատեղին չէ: Այս դեպքում ոչինչ անել չենք կարող, քանի որ վարչական լիազորություններ չունենք: Հարցը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում է, քանի որ կայանատեղիների տարածքն արտոնել է ավագանին»,-ասել է Հարությունյանը: