Հայաստան պետությունը Ռուսաստանի մարզի հետ համեմատելը վիրավորական է, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի հայտարարությունը: Գ. Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախության ի վնաս ոչինչ չի արվի:
«Դա վիրավորական է, եւ ամեն մի դուրսպրծուկ չպետք է ինչ-որ բան ասի հայերի հասցեին: Հիշեք, Հայաստանի անկախությանը վնասող ոչինչ չի թույլատրվի: Կալինինգրադը թող իրենց գլխին կպչի», - ասել է նա:
Հիշեցնենք, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ այն մասին, որ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, Սերգեյ Գլազեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի նաեւ Կալինինգրադի մարզը, իսկ հաղորդավարի դիտարկմանը, թե Հայաստանն ամեն դեպքում առանձին պետություն է, խորհրդականը պատասխանել էր, թե Ռուսաստանի համար տարբերություն չկա պետության եւ պետության մարզի միջեւ:
«Մեզ համար սահմաններ չկան՝ ինչ կարեւոր է պետություն է, թե պետության մարզ: Կարեւորը ընդհանուր մաքսային տարածքն է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի շրջանակներում, արդեն 5-րդ տարին է, ինչ ունենք Կալինինգրադի մարզ, որի հետ ընդհանուր սահմաններ չունենք», -նշել էր նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























