ԲՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացը մեծապես կնպաստի բուհերի մրցունակության եւ միջազգային հեղինակության բարձրացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Որակի ապահովման միջազգային փորձագիտական խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյան:

Փորձագետների խնդրանքով նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:

«Կրթության որակի ապահովման նկատմամբ ՀՀ կառավարության որդեգրած հետեւողական քաղաքականության համատեքստում մենք մեծապես կարեւորում ենք Հայաստանում հավատարմագրման գործընթացի, կրթության որակի,  ինչպես նաեւ հայաստանյան բուհերի` որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին եւ ուղենիշերին համապատասխանացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանում բավականին մեծ աշխատանք է տարվել: Նախարարը նաեւ ընդգծել է, որ հավատարմագրման գործընթացը մեծապես կնպաստի բուհերի մրցունակության եւ միջազգային հեղինակության բարձրացմանը:

Փորձագետները, ողջունելով Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը, իրենց պատրաստակամությունն են արտահայտել աջակցելու բուհերի հավատարմագրման գործընթացում իրականացվող աշխատանքներին:

Նշենք, որ ARQATA ծրագրի շրջանակներում որակի ապահովման եվրոպական չափանիշներին համապատասխան  կազմված փորձագետների խումբը 2013թ-ի սեպտեմբերի 9-ից 12-ը կիրականացնի փորձագիտական այց  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ` արտաքին գնահատում իրականացնելու նպատակով: Գործընթացը միտված է գնահատելու ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը որակի ապահովման եվրոպական չափորոշիչներին եւ ուղենիշերին, ինչպես նաեւ նախապատրաստելու ՈԱԱԿ-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)-ի լիիրավ անդամության համար դիմելուն: Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ՈԱԱԿ-ի աշխատակազմի, ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհդի անդամների, բուհերի ղեկավարների, գործատուների եւ այլ շահառուների հետ: