Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը, որին ներկա են եղել Գարեգին Բ-ն, Մայր Աթոռի միաբանները, Ճեմարանի դասախոսական կազմն ու սաները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն անդրադարձել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2012-2013 ուսումնական տարվա ընթացքին եւ արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաեւ տեղեկացրել արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական եւ սոցիալական ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին:
Նա իր խոսքում նշել է, որ նոր ուսումնական տարեշրջանը նաեւ հոբելյանական նշանակություն ունի հոգեւոր կրթական հաստատության համար. 2014 թ. լրանում է Գեւորգյան ճեմարանի հիմնադրման 140-րդ տարին: Այս առնչությամբ Սրբազանը տեղեկացրել է, որ նոր տարվա գործունեությունն ամբողջապես միտված է լինելու ըստ պատշաճի արժեւորելու ճեմարանի անցած հարուստ ստեղծագործական ուղին, նրա ժառանգությունն ու ծանրակշիռ ազդեցությունը հայ կյանքի վերջին հարյուրամյակի վրա:
Հանդիսության ընթացքում ազգային երգերի կատարումներով եւ ասմունքով հանդես են եկել ճեմարանի սաները:





























