Միջազգային փորձագետները սիրիացի հասարակական եւ կրոնական գործիչների հետ համոզիչ ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ Դամասկոսի ծայրամասում քիմիական հարձակման զոհերի լուսանկարներն ու տեսանյութերը նախապես պատրաստված են եղել: Այս մասին ասված է սեպտեմբերի 9-ին Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքում կայացած «Մարդու իրավունքները եւ զինված հակամարտությունները. Սիրիայի նկատմամբ ուժ կիրառելու ԱՄՆ-ի սպառնալիքը եւ միջազգային իրավունքը» թեմայով կայացած ասուլիսից հետո ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
«Լսարանին ներկայացրել են բազմաթիվ ականատեսների վկայություններ, որոնք պնդում են, որ Արեւելյան Գուտայի տարածքում քիմիական զենքը հենց գրոհայիններն են կիրառել: Անցկացված ուսումնասիրության արդյունքները եւ ականատեսների ցուցմունքները փոխանցվել են Սիրիայում հետաքննական անկախ հանձնաժողովին», - ասված է հաղորդագրությունում:
ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության համաձայն՝ բոլոր բանախոսները հաստատել են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով Սիրիայի դեմ ուժային սցենար կիրառելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում կլիներ: Ընդգծվել է, որ միջազգային հանրությունը չի աջակցում Սիրիային հարվածելու ԱՄՆ-ի մտադրությանը: Այս մասին, մասնավորապես, վկայում են Սանկտ Պետերբուրգում «քսանի»
գագաթաժողովի արդյունքները: Շեշտադրվել է, որ արտաքին միջամտությանը կհետեւեն քաղաքացիական զոհերը եւ հումանիտար աղետ կսկսվի Սիրիայում եւ ամբողջ տարածաշրջանում, ինչը ձեռնտու է ծայրահեղականներին:
Նշվել է, որ Ամերիկյան ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի Սիրիայի դեմ ուժ կիրառելու հակաօրինական սպառնալիքների համար:
ՄԱԿ-ին կոչ է արվել կանխարգելել հարձակումը:





























