Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, առավոտյան 10.00-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ հավաքվել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը: Այս պահին ակտիվիստները սպասում են ավագանու առաջին նիստի ավարտին, որպեսզի դիմեն խմբակցություններից որևէ մեկին՝ հրավեր ստանալու համար:

«Սպասում ենք ժամը 14.00-ին` մինչեւ արտահերթ նիստի սկսվելը, որ դիմենք խմբակցությունների, հավանաբար՝ «Բարև Երևան» դաշինքին: Հանրապետականին հաստատ չենք դիմի, որովհետև նրանց ներկայացուցիչն արդեն մերժեց մեզ»,- News.am-ի թղթակցին հայտնել է ակտիվիստ Միհրանը:

Նշենք, որ ՀՀԿ ներկայացուցիչ, Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանն առավոտյան հանդիպել էր ակտիվիստների հետ և տեղեկացրել, որ ավագանու դռնբաց նիստին կարող են մասնակցել միայն Երևանի քաղաքապետի կամ ավագանու որևէ խմբակցության հրավերով: Ակտիվիստներն էլ առաջարկել էին, որ հենց ՀՀԿ-ն իրենց հրավիրի այսօրվա նիստին, սակայն պաշտոնյան հրաժարվել էր բավարարել նրանց խնդրանքը և հեռացել:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ընթացքում ակտիվիստներից  8-ը բերման են ենթարկվել  ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ակտիվիստների նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվում օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, եւ ակտիվիտները հերթով տուն են գնում։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am