Վրաստանի տարածքում գործելու թույլտվություն տրվում է միայն մրցույթով ընտրված կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ վերջերս հայկական միկրոավտոբուսներից շատերը Վրաստանի կողմից երկրի տարածքով անցնելու թույլտվություն չեն ստացել: Նշենք, որ այդ մասին NEWS.am-ին ահազանգել էին Վրաստան ուղեւորվող որոշ հայ զբոսաշրջիկներ:
«Իրենք դրա համար նման թույլտվություն, լիցենզիա չեն տալիս: Թույլտվություն տրվում է միայն մրցույթով ընտրված կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցներին: Այն էլ տրվում ոչ թե ուղղակիորեն իրենց (համապատասխան տրանսպորտային կազմակերպություններին-խմբ), այլ նախարարությունները թույլտվություններ են փոխանակում: Դա տրվում է միայն մրցույթով ընտրված չվացուցակի առկայության պայմաններում: Մի երկիրը դիմում է մյուս երկրին եւ այդ երթուղում պարիտետ հիմունքներով կազմակերպվում են փոխադրումներ»,- նշել է Դավիթ Մելքոնյանը:
Եթե խոսքը վերաբերում է տուրիստական կամ ոչ կանոնավոր փոխադրումներին, ապա դրանք, ըստ Տրանսպորտի վարչության պետի տեղակալի, իրականացվում են միայն ուղեւորների անվանացուցակի հիման վրա, որը կարգավորվում է տրանսպորտի բնագավառում Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ կնքված միջազգային համաձայնագրի հիման վրա:
«Օրինակ՝ մենք կանոնավոր երթուղիներ ունենք Երեւան-Թբիլիսի, Երեւան-Բաթումի, Երեւան-Քոբուլեթի, Երեւան-Նինոծմինդա, Երեւան-Ախալքալաք ուղղություններով: Այդ բոլորը մրցույթով ընտրված կազմակերպություններ են, որոնք կոնկրետ երթուղի են սպասարկում: Եւ այդ բոլորի համար Տրանսպորտի եւ կապի նախարարությունը փոխանակել է թույլտվություններ եւ այդպիսի բան չկա, որ Վրաստանը թույլտվություն չտրամադրի: Եւ համապատասխանաբար, հայկական կողմը տրամադրել է նմանատիպ թույլտվություն վրացական փոխադրողներին: Երեւի դա ոչ կանոնավոր փոխադրումներին է վերաբերվում», - ասել է Դավիթ Մելքոնյանը:





























