Ռուսաստանն այս պահին սիրիական կողմի հետ քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու ծրագիր է մշակում: Այս մասին սեպտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր լիբիացի գործընկեր Մուհամեդ Աբդել Ազիզի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով:
Նրա խոսքով՝ ծրագիրը միջազգային հանրությանը եւ բոլոր շահագրգիռ կողմերին կներկայացվի առաջիկայում:
«Այս ծրագիրը մենք առաջիկայում մտադիր ենք ներկայացնել ու պատրաստ կլինենք այն լրամշակել ու վերամշակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Քիմիական զենքն արգելելու կազմակերպության, Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ:
Առաջարկները, ըստ նրա, կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին: «Մենք Ջոն Քերրիի հետ կապի մեջ ենք: Վերջին անգամ երեկ ենք հեռախոսով զրուցել: Ես նրան հայտնել եմ այն, ինչը ձեզ պատմեցի», – ասել է Լավրովը:
Միաժամանակ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ սիրիական քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու ծրագրի նախապատրաստումը չի վերացնում Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին լուրերի հետաքննության եւ այդ երկիր ՄԱԿ-ի փորձագետների վերադարձի անհրաժեշտությունը, հայտնում է RT-ն: «ՄԱԿ-ի փորձագետները պետք է վերադառնան Սիրիա եւ իրենց մանդատն իրագործեն ամբողջական ծավալով, ինչից հետո պետք է զեկույց ներկայացնեն ԱԽ, որտեղ թեմաները կդիտարկվեն փաստերի ամբողջ համադրությունը հաշվի առնելով», հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
«Ճշմարտությունը պետք է ջրի երես դուրս գա, եւ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ընդգծել է նա:





























