Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցերի պատասխաններ չեն հնչել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամնյանը՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները:

«Օրինակ մենք, մեզ վրա պարտավորություններ ենք վերցրել Համաշխարհային առեւտրային կազմակերպության առջեւ: Չի՞ տուժի արդյոք Ղարաբաղը, եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը եւ արդյոք Հայաստանը կներառվի՞ կառույցում որպես առանձին միավոր»,-ասել է Ռուստամյանը՝ թվարկելով մի շարք հարցեր, որոնք լիարժեք պատասխան չեն ունեցել:

Ռուստամյանը նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտ է փաստել՝ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ պարզություն է մտցրել. «Լավ է դա, թե վատ, այլ հարց է, սակայն այն, որ այդ վեկտորը նշանակում է շարժում այդ Մաքսային միությունից դեպի Եվրասիական միություն, որպես քաղաքական միավոր, միանշանակ է: Չգիտակցել դա՝ նշանակում է նոր սխալներ թույլ տալ: Այս պահին այնպիսի իրավիճակում ենք, երբ թուլացել է մեր ինքնուրույնությունը պահպանելու հնարավորությունը: Ես ինքս հասկանում եմ, որ այն գործոնները, որոնցով կապված ենք Ռուսաստանի հետ, այլընտրանք չունեն: Իսկ եթե այլընտրանք չունենք, պետք է ամրապնդենք այն, ինչ ունենք»:

Հարցին՝ արդյոք անհրաժե՞շտ էր Մաքսային միությանն անդամակցելը, Ռուստամյանը պատասխանել է. «Իհարկե: Ոչ ոք չի կարող ասել, որ անվտանգության եւ էնեգետիկայի անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը այլընտրանք ունի Ռուսաստանին: Ցավոք դա իրականությունն է»: