Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Ռուբեն Սեւակի անվան թանգարանի բացման արարողությունը:
Ղազարապատ կոչված պատմական շենքում տեղակայված թանգարանում, որ հիմնանորոգվել է ֆրանսահայ Հովհաննես Չիլինգիրյանի ազնիվ բարերարությամբ, ցուցադրվելու են Մայր Աթոռին նրա կողմից նվիրաբերված բացառիկ եւ արժեքավոր շուրջ 200 կտավներ, ինչպես նաեւ` նշանավոր նահատակ բանաստեղծ, արձակագիր եւ բժիշկ Ռուբեն Սեւակին պատկանող ածխանկարներ, անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական սրբազան ցուցանմուշներ եւ հայ արվեստի արժեքավոր գործեր:
Թանգարանի բացման արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ մշակույթի գործիչներ:
Օրհնության կարգի ավարտին բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ներկայացրել է թանգարանում ցուցադրվող արժեքավոր հավաքածուն, որ ներշնչման կարեւոր աղբյուր պիտի դառնա համայն հայության համար:
Իր սրտի խոսքն է ասել նաեւ թանգարանի բարերար տիար Հովհաննես Չիլինգիրյանը. «Այսօր մենք հրաշքի ենք ականատես լինում, որովհետեւ այս սուրբ հողի վրա վերակենդանացավ ու անմահացավ 1915 թ. Մեծ եղեռնի նահատակ, մեծանուն բանաստեղծ Ռուբեն Սեւակի հիշատակը»:





























