Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում, Շիրակի մարզային վարչությունում եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու եւ առկա մարմնական վնասվածները չարձանագրելու փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: