Թոռս հո լուցկու չոփ չէ՞ր, որ կորեր՝ չիմանայինք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2-ամյա փոքրիկի տատը՝  Սուսաննա Թիֆիլյան:  Նա հավաստիացրեց, թե փոքրիկի կորելու մասին հայտարարությունն իր հարսը չի տարածել: «Ես չգիտեմ ով է գրել այդ հայտարարություն, խեղկատակություն են արել, ինչ են արել: Երեկ բանից անտեղյակ մանկապարտեզում երեխայի ժողովին էի մասնակցում, ոստիկանները եկան ինձ ու թոռանս տարան ոստիկանություն 4 ժամ պահեցին:  Գրողը ով գիտի իրա համար հանգիստ ֆռֆռում ա, ինձ տարել, եսիմ ինչ են անում: Բան չունեմ ասելու, ինձ ոստիկանությունում լավ են վերաբերվել, նույնիսկ դրամապանակս չէի վերցրել, թոռս սոված էր, իրենք գնացին ուտելու բան գնեցին, կերակրեցին»,- պատմեց երեխայի տատիկը:

Նա նաեւ պատմեց, որ իրենց ընտանիքը, երբեք ավտովթարի պատճառ չի էլ եղել ինչպես նշվում է  տարածված կեղծ հայտարարության մեջ, որ երեխային առեւանգելով վրեժխնդիր լինեն: Ավելին` մեքենա չեն էլ ունեցել: «Մեկը իմ թոռանը առեւանգեր, ես սաղ աշխարհը կխառնեի իրար: Այդ երեխային 20 օրականից ես եմ պահել, որովհետեւ տղաս հարսիս հետ մյուս թոռանս տարել են արտասահման բուժման եւ 4 տարով այս թոռիս խնամակալությունը ինձ է տրված: Իսկ հարսս ընտիր աղջիկ ա, ընտիր հարս: Ընտիր հարս չլիներ, ես իր երեխային կպահեի՞»,- ասաց տիկին Սուսաննան եւ ավելացրեց, որ տղայի ընտանիքը Կրասնոդարից տեղափոխվել են Թաթարստան եւ դեռ իրեն չեն զանգել, որ կատարվածի  մասին տեղյակ պահի: 

Տատիկը նաեւ ասաց, որ պատմությունը, թեեւ իրականությանը չի համապատասխանում, բայց իր մեջ այս պատմությունից հետո վախ է մտել: «Սկսել եմ էրեխու համար վախենալ: Ասում եմ, կարող ա՞ զգուշացրել են, որ էրեխուս ուշադիր լինեմ: Մեկ-մեկ վատ էի լինում, հարեւանուհուս էի խնդրում երեխային բերեր: Հիմա մանկապարտեզում զգուշացրել եմ, որ  մինչեւ ես չլինեմ՝ երեխուն չտան: Դուռը խփում են, սիրտս հետը խփում ա: Թե ինչի վախը  գցեցին իմ մեջ, չեմ հասկանում: Չնայած վախենալու ոչինչ չունեմ, ոչ մեկը ինձ չի ասել աչքիդ վերեւն ունք կա: Ես ո՞ւմ բողոքեմ, ի՞նչ ասեմ չգիտեմ: Տունս վաճառքի էի հանել, լավ հասցեն այդտեղից վերցրեցին, բայց թոռանս նկարը որտեղի՞ց են գտել, չեմ հասկանում»,-ասաց նա:

Ավելի վաղ  երեխայի մոր Ծովինար Միքայելյանի անունից հայտարարություն էր տարածվել, նշվում էր. «Խնդրում եմ օգնեք գտնել 2013թ.-ի փետրվարի 25-ին բակում խաղալու ժամանակ առեւանգված դստերս՝ Սուսաննա Թիֆիլյանին՝ ծնված 2011թ.-ի ապրիլի 9-ին»: Ասվում էր, թե առեւանգումը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի Մինաս Ավետիսյան 2 փողոցից ժամը 3:00-ի սահմաններում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Կասկած էին հայտնել, որ երեխան առեւանգվել է Արտակ Պետրոսյանի ծնողների կողմից, ովքեր իրենց որդու մահվան պատճառով անհիմն մեղադրանքներ էին ներկայացնում ամուսնուս՝ Բագրատ Թիֆիլյանին: 

Իսկ ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց որտեղ ասվում էր, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին,  բաժին է հրավիրվել 51-ամյա Սուսաննա  Թիֆիլյանը  իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանի  հետ եւ  հայտնել, որ ինքը  թոռնուհու խնամակալն է, ու տվել  է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առեւանգել, եւ հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կատարվում է հետաքննություն: