Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվել են ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշել է. «Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամենը 10 օր է անցել եւ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում 4-րդ կրթական օբյեկտը, որից երկու դպրոց գյուղական բնակավայրերում` ամբողջությամբ նոր կառուցված, երկուսը մայրաքաղաքում` հիմնանորոգված, եւս երկուսը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Եկող տարի արդեն շահագործման կհանձնվի 15 կրթական, մշակութային օբյեկտ»:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ դպրոցաշինությունը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից է, ուստի առանձնահատուկ կարեւորվում է կրթական օբյեկտների տեխնիկական վիճակը: Նախ` գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարվում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո միայն իրականացվում է նորոգում:

«Քաղաքաշինության նախարարությունը սկսած 2012 թվականից նախաձեռնել է կրթական, մշակութային օբյեկտների գույքագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրությունների միջոցով պարզել շենքերի տեխնիկական վիճակը, ճշգրտելու հիմնանորոգման առաջնահերթությունները»,-հավելել է Սամվել Թադեւոսյանը:

1200 աշակերտի համար նախատեսված թիվ 174 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացրել է «Մոմիկ» ԱԿ-ն: 1979 թվականին կառուցված դպրոցում մինչ այս երբեւէ հիմնանորոգում չի իրականացվել: Շինարարական օբյեկտի ընդհանուր մակերեսը 9334.0 քմ է:  Կատարված  աշխատանքների շրջանակերում հիմնանորոգվել է դպրոցի առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը /տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույցներ, հատակներ, դռներ, պատուհաններ եւ այլն/, այդ թվում իրականցվել է ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ, ինչպես նաեւ փոխվել են ներքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական մատակարարման, կոյուղու/ համակարգեր: Հիմնանորոգման աշխատանքների վրա պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ: